Համագործակցային նախագիծ
06.05.2024
Խումբը- Դիանա Գևորգյան և ընկերներ
Մասնակիցներ- քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներ
Թեման՝ մարդու օրգանիզմ
Նախապատրաստական աշխատանք՝
Մինչ հանդիպումը, սովորողներին ուղարկվում է հարցաշար, որով պարզում ենք մասնակիցների գիտելիքների շեմը:
Սովորողները ունեն հնարավորություն առցանց հարցեր ուղղել առողջագետին այս հղումով: Կամ էլեկտրոնային փոստին` q.sahakyants@mskh.am:
Հարցերի ուսումնասիրությունից հետո առանձնացվում են ամենահաճախ տրվողները, որոնք նույնպես կպարզաբանվեն քննարկման ընթացքում:
Արդյունքում՝
Սովորողները կհամալրեն իրենց գիտելիքների պաշարը մարդու օրգանիզմի մասին:
Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։
Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:
1.Նյարդային համակարգ
Ուշադրություն
Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից (ԿՆՀ) և ծայրամասային նյարդային համակարգից (ԾՆՀ):
Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժումները, իսկ վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները:
2. Հենաշարժիչ համակարգ
Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկրերից, աճառներից և դրանց ամրացված մկաններից, որոնք էլ իրականացնում են մարդու շարժումները:Հենաշարժիչ համակարգի ֆունկցիաներն են
1.Հենարանային
2.Շարժողական
3.Պաշտպանական
4.Արյունաստեղծ
3.Արյունատար համակարգ
Արյունատար համակարգը կամ սիրտ -անոթային համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։Սիրտը, կատարելով պոմպի դեր, իրագործում է արյան անընդհատ հոսքը արյունատար անոթներով։ Արյունը, տեղափոխում է թթվածին, սննդանյութեր, բջիջների նյութափոխանակության արգասիքներ և հորմոններ` մարմնի մի մասից դեպի մյուսը։
4. Շնչառական համակարգ
Շնչառական համակարգըկազմված է օդատար ուղիներից և թոքերից: Օդատար ուղիներն են` քթի խոռոչը, քթըմպանը, շնչափողը և բրոնխները, իսկ թոքերը գազափոխանակության օրգաններն են։Համակարգի հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է, ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրային գոլորշիների արտազատումը։
Advertisement
5. Մարսողական համակարգ
Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ, հաստ աղիները և ուղիղ աղին:
Մարսողական գեղձերն են լյարդը, ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։
Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող սննդանյութերի և ապահովում նրանց ներծծումը արյան մեջ, ինչպես նաև ապահովում է սննդի չմարսված, ոչ պիտանի նյութերի հեռացումն օրգանիզմից:
6. Ծածկույթային (ծածկող) համակարգ
Ծածկույթային (ծածկող)համակարգը կազմում են մաշկը, ինչպես նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթները։ Այս համակարգը պաշտպանում է ներքին օրգանները արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններից և ջրի ավելորդ գոլորշացումից:
7. Միզարտազատական համակարգ
Միզարտազատական համակարգը կազմում են երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը։
Այս համակարգը կարգավորում է օրգանիզմում ջրի և իոնների հավասարակշռությունը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրն ու նյութափոխանակության արգասիքները։
8.Վերարտադրողական համակարգ
Advertisement
Այս համակարգն ապահովում է սերնդի վերարտադրությունը և սերունդների անընդհատությունը:
9. Իմունային համակարգ
Իմունային համակարգը կազմում են կարմիր ոսկրածուծը, փայծաղը, ուրցագեղձը, ավշային հանգույցները։ Իմուն համակարգը ապահովում է այնպիսի մեխանիզմների գործադրումը, որոնք օգնում են օրգանիզմին տարբերակելու սեփական բջիջները օտար բջիջներից, ինչպես նաև ոչնչացնել օտար բջիջները և թույները։
10. Ներզատական համակարգ
Ներզատական համակարգը կազմում են հիմնական ներզատիչ գեղձերը` մակուղեղը, վահանագեղձը, հարվահանագեղձերը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը և սեռական գեղձերի ներզատիչ մասը։
Ներզատիչ գեղձերը արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ, որոնց միջոցով կարգավորում են օրգանների, հյուսվածքների ու բջիջների ֆունկցիաները: Հորմոնները տարածվում են օրգանիզմում արյան և ավշի հոսքով և ազդում թիրախ հանդիսացող կառույցների աշխատանքի վրա: